Շիրակում հնագիտական պեղում­ները հնարավորություն են տալիս հետևել Ք.ա. 9-8-րդ դդ տեղի ունեցած ռազմական տեղաշարժերին

Աննա Կոստանյան 30.01.2023 - 15:08
30.01.2023 - 15:08 դիտում

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համա­դրե­լի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակա­վայ­րերում:

«Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիք­ներ: Նույն տե­ղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առար­կա­նե­րով: Պատկերը նույնն է Ազա­տանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարա­նում և Շիրակավանի ամրոցում:

Նման ընդհանրություն­ների առ­կա­յությունը տար­բեր հուշար­ձաններում թույլ է տալիս եզրակաց­նել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները և բնակավայրերը են­թարկվել են հարձակման: Եթե Ազա­տանի բնա­կավայ­րում այն արտահայտվել է խոշոր հրդե­հով, ապա Ջրաձորի ամրոց-բնա­կա­վայրում և Շիրակավանի ամրոցում հայտնա­բերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նե­տասլաքներ:

Այս իրողու­թյուն­ների համա­դրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշ­տ շարժման ուղ­ղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը: Ըստ նրա՝ Ջրաձորի և Ազատանի պեղում­ներով հնարավորություն է ստեղծվել հետևել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։

Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին ըստ գրավոր աղբյուրների նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։ «Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար»,- նշում է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետև արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։ Ջրաձորի և Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական և արտասահմանյան պարբերականներում։

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ