ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ շիրակցիներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս առանձնահատուկ տոնի՝ աշխատանքի և աշխատավորների օրվա առթիվ։
Աշխատանքն ապահով, բարեկեցիկ, արժանապատիվ կյանք ունենելու, մեր առջև ծառացած խոչընդոտները հաղթահարելու կարևորագույն միջոցն է։
Համագործակցել, ստեղծագործել, ստեղծել արժեքներ, քաղաքակրթություն, աշխարհընկալում, ի վերջո ոչ միայն առկա հնարավորություններից օգտվել, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծել՝ առավելություններն ու հնարավորություններն են, որ ընձեռում են աշխատանքն ու աշխատանքային միջավայրը մարդկանց համար:
Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր ծայրերում, սակայն շատ կարևոր է, որ ամենամեծ ձեռքբերումներն ունենանք հայրենի հողում։
Կառավարությունը տարբեր ծրագրերի միջոցով անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի սեփական երկրում երաշխավորված ու արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք ունենա և լինի պաշտպանված։ Խոսքս այն մասին չէ, որ գործազրկության խնդիրը կարողացել ենք լիարժեք հաղթահարել, սակայն հավատացած եմ, որ քայլ առ քայլ կարողանալու ենք առաջ գնալ ու մեր առջև դրված նշաձողն ամեն տարի նոր սահմանչափի ենք տեղափոխելու։
Սիրելի՛ շիրակիցիներ, դուք օրնիբուն աշխատող, հողից հաց քամող և աշխատանքի նկատմամբ պատասխանատու եք միշտ եղել։ Երբեք չընկրկեք, շարունակեք նույն ջանասիրությամբ և պատրաստակամությամբ վաստակել ձեր հանապազօրյա հացը։
Մաղթում եմ բոլորիդ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի շենացման։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
1.05.2025 - 10:35
նախորդ գրառումը