Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով

Աննա Կոստանյան 27.04.2023 - 16:14
27.04.2023 - 16:14 դիտում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 128 հանրակրթական դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264,361.6 հազար դրամի չափով, որից 233,997.9 հազար դրամը՝ վերջիններիս խնայողությունների հաշվին, իսկ 30,363.7 հազար դրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով: Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը: Ըստ հիմնավորման՝ Շիրակի մարզն անցում է կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին 2018թ.-ի սեպտեմբերին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկն իրականացրել է մարզի դպրոցների ճաշարանների կարիքների հավաքագրման գործընթաց, որի արդյունքներով պարզ է դարձել, որ 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և այլ պարագաների և թե՛ գույքի և սարքավորումների ձեռքբերման կարիք,132 դպրոց՝ խոհանոցային սպասքի և այլ պարագաների ձեռքբերման կարիք: 132-ից 128 դպրոց ունի նաև ճաշարանի և՛ խոհանոցի համար գույքի և՛ սարքավորումների ձեռքբերման կարիք:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության պահպանման համատեքստում. «Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք և պետք է ամեն ինչ անենք օր առաջ այդ խնդիրները լուծելու համար»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից ծրագրում ընդգրկված են ՀՀ բոլոր 10 մարզերի 1073 դպրոցները. «Ծրագրի շահառուները 1-4 -րդ դասարանների ավելի քան 102 երեխաներն են: Նրանց պետբյուջեի միջոցների հաշվին տրվում է մեկանգամյա առողջ սնունդ»:

Նախարարը նշել է նաև, որ պարբերաբար ծրագրի մոնիթորինգ է իրականացվում: «Մենք ունենք նաև ավելի քան 50 դպրոց, որտեղ ծրագրի շրջանակում հիմնվել են ջերմոցներ և ինտեսնսիվ այգիներ: Եվ նաև ունենք ավելի քան 90 դպրոց, որտեղ ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել: Այդ դպրոցները կարողանում եմ հոգալ իրենց հոսանքի ծախսը և ավելին, ունենք դպրոցներ, որտեղ ձևավորվում են հոսանքի մնացորդի խնայողություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ առումով ծրագիրը նաև համայնքային զարգացման նպատակ է հետապնդում:

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև՝ 95,276.8 հազար դրամ գումարի շրջանակում, ինչպես նաև նախարարության բյուջեն ավելացնել 16,145.4 հազար դրամով: Վերաբաշխումը կատարվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումների կատարման, ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների համապատասխան գույքով ապահովելու: Գումար կհատկացվի Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի շենքի վերակառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաև կապիտալ ծրագրերի շրջանակում այլ օբյեկտների մասով ընդունված կատարողական ակտերի համար վճարելու նպատակով: Որոշմամբ գումար է հատկացվում նաև Ռյա Թազայի միջնակարգ դպրոցի ջեռուցման աշխատանքների շրջանակում անհրաժեշտությունից ելնելով ավել ծավալով կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ