Շիրակի մարզում կսուբսիդավորվի պարարտանյութերի գնումը

Աննա Կոստանյան 10.06.2022 - 11:27
10.06.2022 - 11:27 դիտում

2022-ին 2021-ի համեմատ Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքտարածությունները աճման միտում ունեն՝ տեղեկացնում են մարզպետարանից: Հատկապես կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում։

Գյուղատնտեսական ցանքատարածությունները դիտարկելու և ուսումնասիրելու, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի ընթացքին հետևելու, ինչպես նաև առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Աշոցք խոշորացված համայնքի Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն բնակավայրերում:
Պատասխանատուներն այցելել են նաև Փոքր Սարիար բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար» ֆերմա, ինչպես նաև Սարապատ բնակավայրում՝ «Սարապատի բարիքներ» ջերմոց: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակավայրերում պարարտանյութերի տրամադրման գործընթացին։

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութեր գնումը:

Հունիսի 8-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքները ձեռք են բերել շուրջ 3500 տոննա ազոտական պարարտանյութ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ