Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, քամու ու կարկուտի վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Շիրակի մարզպետը անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր: Հունիսի 14-ին ժամը 19:00-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը զգալի ավերածություններ են առաջացրել մի շարք համայնքներում։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։ Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Պեմզաշեն գյուղերում վնասվել են բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։
Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել են քամու և կարկուտի վնասները գույքագրող հանձնաժողովներ
15.06.2025 - 23:10
նախորդ գրառումը