Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

10.08.2026 - 14:30 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի օգոստոսի 10-ի N 688 – Ա որոշմամբ` Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

Կենսագրություն

Շահանե Մնացականյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Երևանում։

1996 թվականից միջնակարգ կրթությունը ստացել է Չարենցի և Բելինսկու անվան դպրոցներում։

2005-2006 թվականներին կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ Washington Township High School-ում։

2006–2013 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժշկագիտության բակալավրի աստիճան։

2013–2015 թվականներին նույն համալսարանում սովորել է հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրով։

2015–2017 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետում և ստացել հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։

2020–2021 թվականներին սովորել և ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը։

2024–2025 թվականներին սովորել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ և ստացել բժշկի դիպլոմ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2015 թվականից։

2015–2018 թվականներին աշխատել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեֆերենս լաբորատոր կենտրոնում՝ որպես որակի ապահովման մենեջեր։

2018–2020 թվականներին աշխատել է «Ուիգմոր քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես որակի մենեջեր։

2019–2022 թվականներին համակարգել է EcoSence Laboratories-ի գիտական ծրագրերը։

2020–2024 թվականներին աշխատել է «Ուիգմոր քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն, 2022–2025 թվականներին եղել է «Ուիգմոր գրուպ» ՓԲԸ-ի՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի գործառնական գծով փոխտնօրեն, և մինչև 2026 թվականը զբաղեցրել է «Ուիգմոր քլինիք» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը:

2021–2022 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում՝ որպես լաբորատորիայի ազգային խորհրդատու։

2026 թվականից զբաղեցրել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։

Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով:

2023–2025 թվականներին դասավանդել է Առաջնորդության և նորարարության ակադեմիայում` առողջապահության ոլորտում որակի կառավարման և այլ թեմաներով։

2017–2019 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանների ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ դեսպանը։ Այդ ընթացքում մասնակցել է Հայաստանի երիտասարդ գիտնականների ցանցի ստեղծմանը, գիտական համագործակցությունների զարգացմանը և մասնագիտական աշխատարանների կազմակերպմանը։

ԱՄՆ-ի FSA FLEX ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտ է (2005–2006թթ.)։

Իրականացրել է նաև կամավորական աշխատանք: Մասնակցել է միջազգային մասնագիտական վերապատրաստումների և գիտաժողովների։ Հեղինակ և համահեղինակ է առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտներին վերաբերող գիտական հրապարակումների։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ