Նովոսիբիրսկում բնակելի շենքում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, կառավարությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։
«Մահացել է 14 մարդ»,- Տրավնիկովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ի առավոտյան Նովոսիբիրսկի հինգհարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Միջադեպի հետևանքով փլուզվել է տան երկու մուտք, բռնկվել է ուժեղ հրդեհ։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Նովոսիբիրսկ՝ հետևելու փրկարարական աշխատանքների ընթացքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։