Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

1.07.2021 - 10:49 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ:

Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, արժանացել է Չինաստանի ժողովրդի վստահությանը։ ՉԿԿ-ի հաջողությունները շարունակվում և բազմապատկվում են Ձեր ղեկավարության ներքո. այս խորհրդանշական տարում Չինաստանը կարողացավ հասնել դրված հարյուրամյա նպատակներից մեկին՝ հաղթահարելով ծայրահեղ աղքատությունն ու վերադարձնելով Չինաստանը բնականոն զարգացման հուն՝ COVID-19 համավարակի հաղթահարման արդյունքում։

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը Չինաստանի հետ։ Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ