Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

21.01.2023 - 18:25 դիտում

Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այս մասին հայտնել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան:

Նախագիծը ներկայացրել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Դոն Սեդերը խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի հանդիպման օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։

Բանաձևով խորհրդարանը հայցում է կառավարությանը և Եվրամիության երկրներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է, և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը, և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։

«Բանաձևը դիմում է կառավարությանը՝ հետաքննելու հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով բարձրացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն՝ մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում կառավարությանը և ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը՝ միջոցներ կիրառել՝ վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120 000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականության։ Նշվում է, որ միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։

«Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության»,- եզրափակել են կազմակերպությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ