Ներքին գործերի նախարարը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը

Աննա Կոստանյան 4.06.2025 - 16:31
4.06.2025 - 16:31 դիտում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը:

Սարգսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի:

Սարգսյանն ընդգծեց, որ Ներքին գործերի նախարարությունում իր նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել:

«Կարծում եմ՝ կադրային փոփոխությունները շատ բնական են, և որևէ արհեստական բան դրա մեջ չկա: Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,–ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ պետք չէ փնտրել ինտրիգներ, պետք չէ փնտրել միջանձնային տարբեր հարցեր: Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ, մի օր կարող է նշանակվել և հետագայում ազատվել պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող պատճառներին՝ նախարարը վստահեցրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնից ազատումը պայմանավորված է պրոցեսները նոր եղանակով կազմակերպելու ցանկությամբ:

«Եվ ես այս տրամաբանության մեջ եմ նաև վարչապետին առաջարկել ոստիկանության պետի պաշտոնում նշանակել արդեն նորանշանակ պետին, որը եղել է համակարգի մաս և ժամանակավոր դադարից հետո նորից վերադառնում է համակարգ»,–ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ իր շնորհակալությունն է հատնել Արամ Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում ներդրած ավանդի համար, ինչը միայն բարձր գնահատականի է արժանի:

Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնից։ Հունիսի 3-ին այդ պաշտոնում նշանակվեց Արամ Ղազարյանը, որը մինչ այդ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ