Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։
Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։
«Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացման համար մշակվել է ավելի քան 190 միջոցառում, որոնք նախատեսվում է իրականացնել մինչև 2040 թվականը։ Փաստաթղթով նաև հոլիստիկ մոտեցում է ցուցաբերվում ընտանիքի, երեխայի խնամքի և կանանց աշխատանքային ներգրավվածության նկատմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծնելիության աճ և զարգացնել մարդկային կապիտալը»,- նշել է նախարարը։
Նիստի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նախարարի տեղակալը խոսել է նաև ժողովրդագրության ոլորտի ներկայիս իրավիճակի, ռազմավարական ծրագրերի, ժողովրդագրական լանդշաֆտի, դրա ունեցած հիմնական ազդեցությունների և այլնի մասին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։