Սովորաբար դեմարկացիա ու դելիմիտացիա ասելիս՝ հանրային խոսույթի մեջ առաջ է գալիս քարտեզների թեման։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում ՀՀ դիրքորոշման մասին՝ Փաշինյանը ասաց․
«Մենք, խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, պետք է հենվենք իրավական որոշումների վրա։ Եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ գեղանկարչություն է։ Մենք ուսումնասիրել ենք, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ու քարտեզների ինչ իրավական հիմքեր կան և առաջարկել ենք հենց այս սկզբունքով իրականացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները ճանաչվել են դեռևս 1991 թ-ին ԱՊՀ ձևավորման հռչակարգով, և այն պնդումը, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ, այդ սահմանը կա և այն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի այն դիրքորոշմանը, որով պնդում են դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել նախախորհրդային քարտեզների հիման վրա, Փաշինյանը ասաց․
«Մեր ԱԳՆ-ն կես կատակ, կես լուրջ արձանագրել էր, որ նախահորհրդային ո՞ր շրջանների քարտեզների վրա, Քսենոփոնի ժամանակվա քարտեզ էլ կա, որի վրա, եթե մանրադիտակով նայենք էլ, Ադրբեջան չենք գտնի, դա անտրամաբանական է։ ԼՂ-ն Ադրբեջանի մաս եղել է խորհրդային շրջանում, եթե Ադրբեջանը չի ընդունում խորհրդային շրջանի քարտեղները, ապա արդեն իրավաբանները պետք է ասեն, թե որոնք են այդ պնդման քաղաքական հետևանքները»,- նշել է Փաշինյանը: