Նախագծով հստակեցվում են կարգապահական և զինծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

Աննա Կոստանյան 3.04.2023 - 16:22
3.04.2023 - 16:22 դիտում

««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթով հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հավաստմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ պաշտպանության փոխնախարարի` անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը:

Կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսվելու է զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում մինչև 30 տոկոսի չափով` երեք ամիս ժամկետով:

Առկա իրողություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

Նշվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի սմարթֆոնների օգտագործումը ծառայության ընթացքում. միայն հատուկ դեպքերում, հատուկ թույլտվությամբ զինծառայողները կօգտվեն հեռախոսներից:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական փաթեթով առավել ընդգրկուն կսահմանվի զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը կլրացվի զինծառայության առանձնահատկություններով: Պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն է ընձեռվելու նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող, բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, որոնք կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ:

Հստակեցվել է երկու եղբայրների կողմից միևնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից:

Սահմանային տարիքի հասած զինծառայողների համար կսահմանվի հավասար հնարավորություն` պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում:

Հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաև սահմանային տարիքը լրանալուց հետո:

Արման Սարգսյանը նաև նշել է, որ այսուհետև կարգապահական վաշտում գտնվողների համար ծառայությունը չի հաշվարկվելու որպես ծառայության ընթացք:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով կարևորագույն փոփոխություններ են իրականացվում: Նա ներկայացրել է պատգամավորների մի շարք առաջարկներ, որոնց մեծ մասն ընդուվել է հիմնական զեկուցողի կողմից:

Սերգեյ Բագրատյանը կարևորել է ոլորտի օրենսդրության շարունակական բարեփոխումը:

Հարցն ԱԺ հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ