Նախագծով արգելվում է հրագործական որոշ արտադրատեսակների կիրառումը և վաճառքը

Աննա Կոստանյան 21.03.2023 - 17:50
21.03.2023 - 17:50 դիտում

Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ մարտի 21-ի հերթական նիստում:

Համաձայն ԵԱՏՄ տեխկանոնակարգերի՝ հրագործական արտադրատեսակները բաժանվում են հինգ խմբի: Առաջին և երկրորդ դասին են պատկանում ավելի թույլ հրագործական արտադրատեսակները: «Կարգավորմամբ մեր տեխկանոնակարգերը համապատասխանեցնում ենք ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին, և փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը: Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին է՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարևոր միջոցառումների ժամանակ»,- պարզաբանել է Սիսակ Գաբրիելյանը: Առաջին և երկրորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը և վաճառքը կշարունակի գործել, սակայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորմանը և տեղափոխմանը վերաբերող դրույթներում:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, հետաքրքրվել է, թե երբվանից է գործելու երրորդ, չորրորդ դասի հրագործական նյութերի ներմուծման արգելքը: Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո տնտեսվարողներին կտրամադրվի վեցամսյա ժամկետ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է. «Երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքն ու ներմուծումն արգելելուց հետո ինչքանո՞վ կազատվենք մարդկանց ծննդյան առիթով գիշերը 12-ին հրավառության աղմուկ-աղաղակից»: Սիսակ Գաբրիելյանը չի բացառել, որ գուցե ինչ-որ մարդիկ մաքսանենգ ճանապարհով ներկրեն այդ նյութերը և կիրառեն: Նա նաև նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո կիրառումը 90 և ավելի տոկոսով կնվազի: Օրինագծի հեղինակը տեղեկացրել է, որ տուգանքները բավականին խստացվել են. օրենքը խախտելու դեպքում գործող 50-100 հազար դրամ տուգանքի փոխարեն կվճարեն մինչև 3 մլն դրամ տուգանք:

Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է փարատելու քաղաքացիների մտահոգություններն ու անհանգստությունները կապված գիշերային հրավառությունների հետ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Նրա խոսքով Կառավարության կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ և դիտարկումներ, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ