Նազելի Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

Աննա Կոստանյան 26.07.2022 - 14:32
26.07.2022 - 14:32 դիտում
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։
Մարզպետն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում․ «Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որ նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար, խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներին է վերաբերվում։ Ունենք դրական տեղաշարժ երկու առումով էլ։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել խնդիրները, այլև գործել ի նպաստ քաղաքացու և, բնականաբար, ի նպաստ երեխաների լավագույն շահի»։
Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության պատրաստակամությունը՝ անդրադառնալով Հայկասարում և Նահապետավանում մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ կարևորելով նախադպրոցական կրթությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ամասիայում և Անիում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տարածքի ընդլայնման ու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերի, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությանն ու դեռահասների նախաձեռնողականության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված ծրագրերին։
Տիկին Վայգանդը մարզպետին տեղեկացրել է Արթիկ համայնքում երիտասարդական նախաձեռնությունների նոր կենտրոն հիմնելու մտադրության մասին։ Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով պետություն-համայնք-միջազգային կառույցներ համագործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, հնարավոր համագործակցության մի շարք այլ հարցերի շուրջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ