Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին

Հրաչ Սահակյան 24.10.2020 - 00:04
24.10.2020 - 00:04 դիտում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN հեռուստաընկերության «Ամանպուր» հեռուստահաղորդման ընթացքում ասել է, որ Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է:
«Մինչ մենք Վաշինգտոնում փորձում էինք հերթական անգամ կյանքի կոչել հրադադարը և բարձրաձայնում էինք դրա անհրաժեշտության մասին, ես Լեռնային Ղարաբաղից տեղեկություն ստացա, որ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները կրկին ենթարկվել են ծանր ռմբակոծության և հրետակոծության: Մահանում են խաղաղ բնակիչներ: Հումանիտար իրավիճակն ահավոր է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Քրիստին Ամանպուրը հարցրել է, թե ինչո՞ւ է Մնացականյանը Լեռնային Ղարաբաղն անվանում հայկական, եթե ՄԱԿ-ի որոշ բանաձևեր հայկական ուժերի ներկայությունն այնտեղ անվանել են օկուպացիա: Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «1992-1993 թթ. ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ղարաբաղի հարակից շրջանների հայերը ենթարկվել էին էթնիկ զտումների: Հայկական զինված ուժերը կարողացան հարակից տարածքները զբաղեցնել՝ ապահովելով հայերի ֆիզիկական անվտանգությունը: Այսօրվա իրավիճակն ապացուցում է, որ եթե չլիներ այդ անվտանգության գոտին, հայերը կրկին կենթարկվեին էթնիկ զտումների: Այսօր գերագույն նպատակն է, որ բանակցությունների միջոցով վերջնական փաստաթղթում արտացոլվի և ամրապնդվի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը»:
Մնացականյանը նաև ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսին Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը կտրված և միակողմանի են ներկայացվում միջազգային հանրությանը: Ըստ նրա՝ Փաշինյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը եղել է և կա Հայաստանը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ