Մի «մաքսանենգության» պատմություն, կամ ինչպես կասեր «դասականը» իր խոհանոցային եթերներում՝ ստի վերջը. Հրաչյա Հակոբյանի գրառումը

Աստղիկ Խաչատրյան 24.05.2024 - 21:28
24.05.2024 - 21:28 դիտում

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լուրերին, թե իբր մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է տեղափոխել այլ երկրներ:
«Ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը սկսեց լուրեր տարածել, թե իբր ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եմ տեղափոխում այլ երկրներ, մասնավորապես՝ խոսում էր ինչ-որ ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին, որը կանգնեցրել են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, և դա ներկայացնում որպես իմ «բիզնես»:
Այդ բովանդակությամբ հրապարակումներ և եթերներում դրա մասին հայտարարություններ սկսեցին անել քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Գագիկ Համբարյանը, Մարինա Խաչատրյանը:
Այդ օրերին բազմիցս հերքել եմ և ապա հայց եմ ներկայացրել դատարան Միքայել Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի և Մարինա Խաչատրյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով:
Ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է, համարել, որ սույն անձինք զրպարտել են ինձ, և պարտավորեցրել գրառման կամ եթերի միջոցով հերքել արված հայտարարությունները, այն է՝ իմ կողմից մաքսանենգությամբ զբաղվելը:
Նարեկ Սամսոնյանն ու Մարինա Խաչատրյանն արդեն իսկ հանդես են եկել համապատասխան հերքումներով: Մյուսների մասով վճիռների կատարումն ընթացքի մեջ է:
Եվ ուրեմն, ինչու եմ այս ամենը պատմում: Օրերս «սրբազան պայքարի» շրջանակներում հայտնի ստախոսները իմ մասին հեքիաթների նոր շարք են նետել ասպարեզ: Տեղեկացնում եմ, որ սրանց հետքերով նույնպես գնալու եմ, դատական կարգով հասնելու եմ նաև այդ ստերի հերքմանը: Ստի ոտքը կարճ է: Ստի կյանքը կարճ է: Մինչ հանդիպում դատարանում»,- գրել է Հակոբյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ