Անկեղծ ասած՝ չէի ուզենա շատ բան բարձրաձայնել: Ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Խնդրներ կան, որ կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են աջակցվում, և խնդիրներ էլ կան, որ, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կոնյակ արտադրողների խնդրին, որոնց՝ ԵԱՏՄ արտահանվող ապրանքը նմուշառման համար շաբաթներով պահվում է տարանցիկ երկրում՝ Վրաստանում:
«Զբաղվում ենք խնդրով: Այսօր-վաղը որոշակի շարժ կլինի, բայց խնդիրը, թերևս, այսօր կամ վաղը ամբողջությամբ չի լուծվի»,- ասաց Միրզոյանը՝ չբացելով փակագծեր:
Նախարարը տեղեկացրեց, որ համապատասխան գերատեսչությունները մշտապես կապ են պահում թե՛ կոնյակ արտադրողների, թե՛ վրացական կողմի հետ:
Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները մայիսին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու: