Միջազգային փաստաթղթերի խախտման հետևանքները

Աննա Կոստանյան 30.04.2025 - 12:48
30.04.2025 - 12:48 դիտում

Վերջին շաբաթներին, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բովանդակության համաձայնեցման քննարկումների լույսի ներքո, ակտիվացան խոսակցություններն առ այն, թե ինչ տեսակի փաստաթուղթ է դա լինելու և ինչ հետևանքներ կարող են լինել դրա խախտման համար:

Այս թեմայի շրջանակներում «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է համաձայնագրի ու պայմանագրի միջև տարբերության բացակայության հանգամանքին:

Այստեղ կխոսենք միջազգային փաստաթղթերի կատարումն ապահովող մեխանիզմների ու դրանց բացակայության խնդիրների մասին:

Միջազգային համաձայնագիրը գրավոր փաստաթուղթ է, որով պետությունները և միջազգային իրավունքի այլ սուբյեկտները կարգավորում են իրենց հուզող հարցերը։ Համաձայնագրերը ենթադրում են տարբեր ձևեր և ոճեր, բայց դրանք բոլորն էլ կարգավորվում են պայմանագրերի իրավունքով, որը միջազգային սովորութային իրավունքի կարևոր մաս է: Այն միջազգային հարաբերություններին հատուկ գործիք է, որը սահմանվում է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայով (VCLT), որպես պետությունների միջև գրավոր ձևով կնքվող փաստաթուղթ, և կարգավորվում միջազգային իրավունքով, լինի այդ համաձայնությունը ներառված մեկ կամ երկու կամ ավել քանակի վերաբերելի փաստաթղթերում և անկախ նրանից, թե դրա հատուկ անվանումն ինչպիսին է (հոդված 2, կետ 1): Ինչպես ակնհայտ է նաև միջազգային համաձայնագրի սահմանումից՝ դրա անվանումն իրավական առումով որևէ նշանակություն չունի (համաձայնագիր, պայմանագիր, հայտարարություն, փոխըմբռնման հուշագիր կամ մեմորանդում, կանոնադրություն, կոնվենցիա, դաշնագիր, եզրափակիչ ակտ, արձանագրություն, լրացուցիչ արձանագրություն և այլն), առաջնային է բացառապես բովանդակությունը՝ այն կնքած (վավերացրած, ստորագրած) կողմերի համար (կախված կողմերի քանակից՝ երկկողմ և բազմակողմ)։

Միջազգային համաձայնագրի կարևորագույն դրույթներից մեկը դրա ուժի մեջ մտնելու պահի սահմանումն է, որի վերաբերյալ առանձին նշում է պարունակվում դրա եզրափակիչ դրույթներում։ Այն պահից, երբ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է կատարման համար համաձայնագրի մաս կազմող կողմերի համար։ Ընդ որում, դրանում կարող են նախատեսվել նաև խախտման համար հետևանքներ, սակայն դա կրում է համեմատաբար ավելի հազվադեպ բնույթ։

Միջազգային իրավունքում համաձայնագրերը պահպանվում են «bona fide» (հայ.` բարի (ազնիվ) կամքով) և «pacta sunt servanda» (հայ.՝ համաձայնգրերը պետք է պահպանվեն) սկզբունքներին համապատասխան, այսինքն՝ ենթադրվում է, որ կողմերը պետք է բարեխղճորեն (առանց չարամտության) կատարեն միջազգային փաստաթղթերով ստանձնված պարտավորությունները։

Միջազգային համաձայնագրով ստանձնված պարտավորությունների չկատարման համար հետևանքները պետության համար հիմնականում քաղաքական են՝ կախված տեսանելի և անտեսանելի քաղաքական գործոններից, աշխարհաքաղաքական իրադրությունից։

Այսպես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե [ՀԱՊԿ] անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա [Հավաքական անվտանգության] պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ 

2022 թ. սեպտեմբերի 13-ի լուսադմին, երբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Հայաստանի տարածքը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ԱԹՍ-ների և այլ տեխնիկայի կիրառմամբ ենթարկվեց ռազմական ագրեսիայի, Հայաստանը պաշտոնապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով, դիմեց ՀԱՊԿ՝ խնդրելով տրամադրել ռազմական և դիվանագիտական աջակցություն, որը, սակայն, տարբեր պատրվակների կիրառմամբ, այդպես էլ չստացվեց ՀԱՊԿ-ից և դրա անդամ հանդիսացող որևէ առանձին երկրից։ Ի՞նչ կարող էր անել Հայաստանը նման իրավիճակում։ Ինչպիսի՞ն պետք է լինեին այդ պայմանագրի խախտման հետևանքները դրա անդամ պետությունների համար։ Դրանք կարող էին լինել բացառապես քաղաքական (կամ առհասարակ չլինել)։ Այսպես, համոզվելով, որ տվյալ ռազմական բլոկը որևէ կերպ չի նպաստում իր անվտանգային խնդիրների լուծմանը, Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար, տարբեր կոմպոնենտներով կասեցրեց իր մասնակցությունն այդտեղ։ Այժմ էլ այդ գործընթացը շարունակվում է։

Այլ օրինակ կարող են լինել միջազգային իրավունքում տարածված՝ փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրերը։ Այսպես, եթե մի կողմը դադարի կատարել փոխօգնության շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, մյուս կողմը կարող է նույնկերպ չկատարել դրանք՝ որպես հակազդելու գործիք խախտման դեմ։ Սակայն ակնհայտ է, որ պարտավորությունների չկատարումից տուժող կողմը չի կարող ստիպել մյուս կողմին կատարել իր սեփական պարտավորությունները։

Ընդ որում, հակազդման միջոցները կարող են առհասարակ դուրս լինել խախտված միջազգային փաստաթղթի գործողության ոլորտից, սակայն այդ միջոցները որևէ դեպքում չպետք է խախտեն միջազգային իրավունքի իմպերատիվ (jus cogens) սկզբունքները (օրինակ՝ ագրեսիվ պատերազմի, գենոցիդի, ստրկացման արգելք և այլն)։

Ամեն դեպքում հակազդման միջոցները (contra mensurae) կամ պատժամիջոցները միջազգային հարաբերություններում կարող են լինել խիստ սահմանափակ, անհամարժեք կամ առհասարակ բացակայել)։ Ավելին, դրանք ապահովող մեխանիզմները ևս կարող են բացարձակապես ռեալ արդյունքներ չապահովել, ինչպես, օրինակ, երբ հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով` Ադրբեջանը 2022 թվականի վերջից սկսած փակել էր Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (CERD), միջազգային իրավունքի մի շարք այլ հիմնաքարային կարգավորումներ։

Խնդրի վերաբերյալ, նախ, ՄԻԵԴ-ը որոշեց պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Միջանցքի անհապաղ բացման (ապաշրջափակման) վերաբերյալ հայցով (միջանկյալ միջոց կիրառելու դիմումով) Հայաստանը դիմել էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ), և պահանջը բավարարվել էր. Դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Մինչդեռ, Ադրբեջանն այդպես էլ չարամտորեն չկատարեց Հաագայի դատարանի որոշումը՝ չնայած դրա պարտադիր բնույթին, իսկ ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չտվեցին։

Մեկ այլ օրինակ՝ Միջազգային քրեական դատարանը (ICC), Հռոմի ստատուտի հիման վրա, որոշումներ (arrest warrants) ունի ընդդեմ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յ. Գալլանտի, ՌԴ նախագահ Վ. Պուտինի, երեխաների իրավունքների հանձնակատար Մ. Լվովա-Բելովայի դեմ։ Ստատուտի մաս կազմող ցանկացած պետություն նրանց այցի դեպքում այդ անձանց պետք է սահմանին ձերբակալեն և հանձնեն դատարանի քննությանը՝ որպես ծանրագույն հանցանքներ գործած (հրաման տված) անձանց, սակայն մինչ այժմ նրանցից որևէ մեկի դեմ նման քայլ չի կատարվել (այն անձանց մասով, ովքեր մեկնել են Հռոմի ստատուտի անդամ երկիր), և առավել հավանական է, որ դա երբեք էլ տեղի չի ունենա։ Եվ սա հերթական հստակ ցուցիչը կլինի միջազգայնորեն ստանձնված պարտավորությունների խախտման հետևանքների բացակայության վերաբերյալ։

Ցավալիորեն, ներկայիս աշխարհակարգում միջազգային իրավունքի (լինի դա միջազգային պայմանագրերով կամ դատարանների որոշումներով ամրագրված իրավունք կամ համընդհանուր սկզբունքներ կամ այլ) խախտումներն ամենից հաճախ չեն արժանանում պատշաճ արձագանքի և չեն ունենում համարժեք հետևանքներ խախտող կողմի համար՝ առաջ չգնալով դատապարտող հայտարարությունների մակարդակից՝ պայմանավորված միջազգային իրավունքի դերակատարների քաղաքական կամքով, տնտեսական և ռազմական փոխադարձ շահերով, այլ գործոններով կամ դրանց բացակայությամբ։

Այդուհանդերձ, միջազգային փաստաթղթերով սահմանված պարտավորությունների պատշաճ ապահովումը շարունակում է մնալ պետությունների հեղինակության անբաժանելի մաս, և ստանձնված պարտավորությունները չկատարելը հանգեցնում է երկրի, որպես հուսալի գործընկերոջ, համբավի անկման:

Ռուզաննա Ավագիմյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ