Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձևով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Աննա Կոստանյան 2.10.2023 - 17:51
2.10.2023 - 17:51 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետևողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին հայ ժողովրդի կողքին լինելու և սատարելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված ԼՂ հայերին առնվող հարցեր:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ Արգենտինայի դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ ջերմ եւ, միևնույն ժամանակ, ծանր հուշերով: Նա նշել է, որ կիսում է այս օրերին հայ ժողովրդի ապրումներն ու Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է որակել՝ համայն քաղաքակիրթ մարդկության դեմ: Նա նշել է, որ միջազգային մակարդակով պետք է քննել տեղի ունեցածը և համարժեք գնահատականներ տալ: «Այն, ինչ հարկավոր է այսօր Հայաստանին միջազգային հանրությունից, չի սահմանափակվում միայն հայտարարություններով, պետք են արձագանքի ձևով հստակ գործողություններ»,- ընդգծել է դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարեկամական խմբերի դերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ