Միջազգային հանրության արձագանքը Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրին

Աստղիկ Խաչատրյան 16.02.2024 - 22:50
16.02.2024 - 22:50 դիտում
Մի շարք պետությունների առաջնորդներ և դիվանագետներ արձագանքել են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին արձագանքողներից է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով հայտարարել է, որ Նավալնիի մահվան շուրջ բոլոր փաստերը պետք է պարզվեն, իսկ Ռուսաստանը պետք է լուրջ հարցերի պատասխանի:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի իշխանություններին է պատասխանատու համարում Նավալնիի մահվան համար։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իր հերթին հայտարարել է, որ «Նավալնին մահով վճարեց Ռուսաստան վերադառնալու իր խիզախության համար»։

Նավալնիի մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել է, որ «իր համար դա սարսափելի նորություն էր, Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցադրել է անհավանական խիզախություն՝ լինելով ռուսական ժողովրդավարության ամենակարկառուն պաշտպանը»։

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է, որ «Ալեքսեյ Նավալնին իր կյանքով վճարել է ճնշման համակարգին դիմադրելու համար»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Նավալնիի մահվան համար՝ ակնհայտ համարելով այն, որ նրան սպանել են։

Սպիտակ տունն առայժմ ձեռնպահ է մնում Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ մեկնաբանություններից։

Ռուսաստանի իշխանությունների կողմից առաջինը արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով նշել է, որ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Նավալնիի մահվան մասին։ Նա նաև ասել է, որ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը ստուգումներ են անցկացնում և բժիշկները պարզում են Նավալնու մահվան պատճառները։

Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ