Միջազգային կոնֆերանսին ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության փաստեր

Գոհար Ստեփանյան 15.04.2021 - 22:45
15.04.2021 - 22:45 դիտում

Վարձկաններն ու ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, մասնակցելով Ադրբեջանի կողմից պատերազմին, նպաստեցին Հարավային Կովկասի միջազգային ահաբեկչության մեկ այլ կենտրոնի վերափոխմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Թվում էր, թե կորոնավիրուսային վարակի եւ դրա ծանր հետեւանքների հետ կապված մարտահրավերները պետք է համախմբեին պետություններին եւ ժողովուրդներին: Սակայն, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար եւ բացահայտ աջակցությամբ եւ Մերձավոր Արեւելքում տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց  լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ», – նշել է ԱԺ նախագահը:

Միրզոյանը պատմել է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ կրակել են խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել եւ ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները եւ այլ կրոնական եւ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայ մարշալների եւ գեներալների հուշարձանները, ովքեր կռվել եւ հաղթել են նացիզմն ու ֆաշիզմը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Այս բոլոր գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար նորմերի կոպիտ խախտումներով:

«Էսկալացիայի հենց  սկզբում ակնհայտ դարձավ, որ Սիրիայից եւ Լիբիայից Թուրքիայի կողմից համալրված վարձկաններն ու գրոհայինները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայում: Գրոհայիններին մեր տարածաշրջան տեղափոխելու փաստը հաստատեցին նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ն:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն արդեն անցյալ տարվա նոյեմբերին նշել էր, որ տարածաշրջան է տեղափոխվել շուրջ երկու հազար ահաբեկիչ: Այս վարձկաններն ու ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, մասնակցելով Ադրբեջանի կողմից պատերազմին, նպաստեցին Հարավային Կովկասի միջազգային ահաբեկչության մեկ այլ կենտրոնի վերափոխմանը: Մենք բազմիցս նշել ենք, որ եթե արմատական միջոցներ չձեռնարկվեն, Հարավային Կովկասը կդառնա պլացդարմ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից  նոր ահաբեկչական սպառնալիք կարող է տարածվել ողջ տարածաշրջանում:  Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, պատերազմի առաջին իսկ օրերից տարածաշրջան տեղափոխվել են այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ինչպիսիք են Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ալ-Նուսրան», «Ֆիրկաթ Համզան» եւ «Սուլթան Մուրադը», – եզրափակել է ԱԺ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ