Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում. բացակայող բաղադրիչը հարկադրումն է. ԱԳ նախարար

9.03.2024 - 12:43 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին «TRT World»-ի թղթակիցը հարց է ուղղել միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։

«Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան, թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնու՞մ եք այն հարցին, թե ինչու՞ այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը»,- հետաքրքրվել է նա։

«Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ համար, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն»,- նշել է Միրզոյանը։

Հարցին` ի՞նչ կցանկանար փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ: ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն, ինչպե՞ս է տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար, ո՞րն է բացակայող բաղադրիչը, ԱԳ նախարարը պատասխանել է.

«Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս, ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ