ՄԻՊ-ն ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի իրավունքների իրացման հարցը

13.11.2022 - 15:30 դիտում
Ի պատասխան տարբեր հրապարակումներով հնչեցվող մտահոգությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ իր ներկայացուցիչները դեռևս 10.11.2022թ.-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Վարուժան Ավետիսյանին։
Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, նշել նաև, որ բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները հնարավոր է իրականացնել արտերկրում՝ Գերմանիայում։
Վ. Ավետիսյանը հայտնել է, որ նախկինում՝ 2014 թվականին և 2021 թվականի հունվար և ապրիլ ամիսներին, հիվանդության հետ կապված ունեցել է կրիզներ, որից հետո տևական ժամանակ վերականգնվել է: Ըստ Վ. Ավետիսյանի՝ իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում (առողջական վիճակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը չի ներկայացվում բժշկական գաղտնիք պարունակելու և դրանք հրապարակելու վերաբերյալ Վ. Ավետիսյանի համաձայնության բացակայության պատճառով)։
Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ իր ախտորոշումների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի N 825-Ն որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկի հետ որոշելու հարցի հետ կապված ներկայացված դիմումը գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման տիրույթում։
Միևնույն ժամանակ, այցի պահին Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, ՔԿՀ-ում ոչ պատշաճ բժշկական սպասարկման կամ այլ հարցերի վերաբերյալ։ Վ. Ավետիսյանը հավելել է, որ ներկայում Պաշտպանի աշխատակազմի միջամտության և աջակցության անհրաժեշտությունը չկա, և խնդրել է նաև իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Պաշտպանի ներկայացուցիչները Վ. Ավետիսյանին առաջարկել են խնդիրներ առաջանալու դեպքում դիմել Պաշտպանին:
Այդուհանդերձ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այս օրերին մշտական կապի մեջ են ՔԿՀ աշխատակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ և ամենօրյա պարբերականությամբ քննարկել են Վ. Ավետիսյանի առողջական վիճակին առնչվող հարցերը։ Նույն տրամաբանությամբ, այսօր և երեկ ևս ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ Վ. Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ, վերջիններս հայտնել են, որ իրականացվել է ընդունելություն, առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:
Մարդու իրավունքների պաշտպանը հաջորդիվ ևս իր ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի, պատշաճ բուժօգնության տրամադրման և այլ իրավունքների իրացման հարցերը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ