Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո: ՄԻՊ-ից ներկայացրել են տվյալ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները:
«Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։
Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։
Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է։
Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։
Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ որդին անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո»,- մանրամասնում են ՄԻՊ գրասենյակից: