ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել

Աստղիկ Խաչատրյան 16.04.2024 - 20:38
16.04.2024 - 20:38 դիտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պատրաստվում են տեսակցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին, որը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։

Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Ավելի վաղ փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։

ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ-ում են։

«Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:

ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` մարտի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ