Մինչև 2026-ը երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին. որոշում

Աննա Կոստանյան 14.03.2024 - 13:33
14.03.2024 - 13:33 դիտում

Կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2024-2026 թվականների ծրագիրը, որի համաձայն՝ երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին: Այդ մասին որոշումը Կառավարության մարտի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ 2020 թվականին Կառավարությունն ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թթ. ծրագիրը, որն ուղղված էր երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքի աջակցությանը: Ծրագիրը բաղկացած էր 3 բաղադրիչից, որից երկուսով պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրում երեխա ունեցող ընտանիքին կանխավճարի վճարման հարցում, իսկ երրորդով ֆինանսական աջակցությունն ուղղվում էր գործող հիփոթեքի վարկի մնացորդի նվազեցմանը:

«Ծրագրի մեկնարկից մինչև օրս աջակցություն է ստացել 9464 շահառու, որոնց վճարվել է ընդհանուր 6 միլիարդ 668 միլիոն դրամ: Հաշվի առնելով այն, որ ծրագիրը 2020-2023 թթ. ընթացքում շարունակաբար գրանցում է բարձր դիմելիություն ու նաև դրականորեն էր անդրադառնալու ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, առաջարկում ենք հաստատել նոր ծրագիր 2024-2026 թթ. ժամանակաշրջանով»,- ասաց նա:

Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, և երկրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն՝ հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին:

Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերելու շահառուին, և դա ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը:

«Հիմնական պայմաններն են՝ շահառուն պետք է ունենա երկու անչափահաս երեխա: Ձեռք բերվող, կառուցվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու անվամբ: Աջակցության չափերը կազմում են ձեռք բերվող բնակարանի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ՝ յուրաքանչյուր երեխայի գծով: Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է:

Անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ կամ առավելագույնը 2 միլիոն դրամ:

Երկրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկ մարող ընտանիքին, որտեղ ծնվում է երեխա, և աջակցությունն ուղղվում է վարկի մնացորդի մայր գումարի մարմանը: Հիմնական պայմաններն են՝ ձեռք բերված անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցված անշարժ գույքի նախահաշվային գինը չպետք է գերազանցի 35 միլիոն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 միլիոն դրամով: Դիմելու օրվա դրությամբ վարկը սպասարկվելու է առնվազն 12 ամիս:

Աջակցության չափը կազմում է մնացորդային մայր գումարի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Մնացորդային մայր գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2 միլիոն դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով, եթե նոր ծնված երեխան 3-րդ և հաջորդ երեխան է»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, և եթե անշարժ գույքը գտնվում է սահմանամերձ կամ այլ բնակավայրերում, որտեղ կառուցվում է դպրոց կամ մանկապարտեզ, ապա ծրագրին ավելանում է ևս 50 տոկոս:

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ ծրագրում տարիքային սահմանափակում լինելո՞ւ է, քանի որ գուցե մարդը 40 տարեկանում որոշի երեխա ունենալ, Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց՝ չկա նման սահմանափակում:

Վարչապետն ընդգծեց, որ ծրագիրը վերաբերում է նաև այն կանանց, որոնք ամուսին չունեն, բայց ուզում են վերարտադրողական ճանապարհով երեխա ունենալ: Այս մասով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ կարգավորումները փոխվել են, և այժմ շահառի մասով որևէ սահմանափակում չկա:

«Կնոջ՝ ամուսնացած լինելու հանգամանքը չի սահմանափակում մեր՝ շահառու լինելուն»,- ասաց Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ այդ մասով արդեն իսկ կան շահառուներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ