ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ տրամադրել ևս 6 հայ ռազմագերիների մասին

Գոհար Ստեփանյան 8.11.2020 - 13:26
8.11.2020 - 13:26 դիտում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերեվարված Սամվել Կնազյանի, Սամվել Քաստակցյանի, Հովսեփ Սահակյանի, Վահե Աբրահամյանի, Գեղամ Էլբակյանի և Նորիկ Առաքելյանի գործերով Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ՝ սահմանելով ժամկետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ իր և փաստաբան Սիրանուշ Սահակյանի անունից:

Զեյնալյանը տեղեկացրել է, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: «Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը»,-հայտնել է Զեյնալյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ