Մեքենայի պայթյուն Փարաքար գյուղում. հունիսի 23-ին կատարված սպանությունը բացահայտվել է

Աննա Կոստանյան 12.09.2022 - 17:48
12.09.2022 - 17:48 դիտում

Հունիսի 23-ին, ժամը 11.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարութան «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանին, որը մահացել է:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ համագործակցեցին։ Փոխլրացնող ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում նրանք հաջողության հասան։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։ Պարզվեց նաև ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ