Մեր քաղաքականությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը. Ավանեսյան

5.01.2022 - 11:57 դիտում

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը արգելող օրենքը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ օրենքը նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի խթան կհանդիսանա:

«Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը՝ 51 տոկոսը, տղամարդիկ են: Յուրաքանչյուր 2-րդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և դրա արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: Հայաստանում, ցավոք սրտի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, տղամարդկանց մոտ՝ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք այս առումով պայքարը հետևողական տանելու առումով»,- Կառավարության նիստի ընթացքում նշեց ասաց Ավանեսյանը:

Վարչապետը հարցրեց, թե որ մարմինն է վերահսկելու օրենքի կատարումը:

«Վերահսկողությունն իրականացնում են տեսչական մարմինները: Նախօրոք մեր գործընկերների հետ աշխատել ենք, տեսչական մարմինները նաև որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ, պետք է որ վերահսկողության հստակ կատարման արդյունքում ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի»,- ասաց Ավանեսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ