Մեր վերջնանպատակն է ստեղծել մեկ միասնական «E-Justice» հարթակ․ Մինասյանը՝ բոլոր դատավարությունների թվայնացման մասին

Աննա Կոստանյան 4.01.2023 - 13:58
4.01.2023 - 13:58 դիտում

Արդարադատության նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: «Արդարադատության նախարարությունը համակարգում է արդարադատության ոլորտի բոլոր համակարգերի թվայնացման գործընթացները: Անցնող տարվա ընթացքում մեկնարկել և այժմ բուռն ընթացքի մեջ են գտնվում քաղաքացիական դատավարության թվայնացման աշխատանքները: Վայոց Ձորում արդեն իսկ պիլոտային կարգով գործարկվել է քրեական գործերի մինչ դատական վարույթի էլեկտրոնային համակարգը»,- նշեց Մինասյանը։ Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որում գրանցվելով քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթներին, դրանց ընթացքին, կիրառված արգելանքներին, կատարել վճարումներ, հետևել դրամական միջոցների և այլ գույքի ապաարգելադրման և կատարողական վարույթի կարճման գործընթացին։ «Այս ուղղությամբ նաև աշխատում ենք քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների մարման դեպքում նրանց հաշիվների ապաարգելադրման ժամկետը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: ՀՀ բանկերի մեծամասնության հետ պիլոտային ծրագրի ներդրման արդյունքում այդ ժամկետը հասել է մինչև 1 օրվա՝ նախկին 7 և ավել օրերի փոխարեն»,- հավելեց Մինասյանը։ Մեկ այլ նորամուծություն է Պրոբացիայի ծառայության աշխատանքն ամբողջությամբ թվայնացնող «e-probation» հարթակը, ինչը թույլ կտա ինքնաշխատ եղականով գեներացնել պրոբացիայի շահառուին վերաբերող անհրաժեշտ տվյալները: Ներդրվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «e-health» էլեկտրոնային առողջապահության համակարգը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում դատապարտյալ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման հետ կապված գործողությունների ամրագրումները կկատարվեն տվյալ հարթակի միջոցով: Նախարարությունը առաջիկա տարում աշխատելու է բոլոր դատավարությունների թվայնացման ուղղությամբ, միաժամանակ շարունակելու և ավարտին է հասցնելու ընթացիկ ծրագրերը: «Մեր վերջնանպատակն է ստեղծել մեկ միասնական «E-Justice» հարթակ, որտեղ մուտք գործելով քաղաքացին կարող է ստանալ արդարադատության համակարգի բոլոր ծառայությունները, հեշտ և արագ իրացնել իր իրավունքները»,- եզրափակեց Մինասյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ