Մենք չենք պատրաստվում ուշադրությունից դուրս թողնել իրավիճակը ԼՂ-ում. Լավրով

Հրաչ Սահակյան 26.01.2021 - 17:37
26.01.2021 - 17:37 դիտում
1lurer.am Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին Իրանի և ՌԴ արտգործնախարարներն ամփոփել են բանակցությունը: Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային տարբեր խնդիրների և Արցախի հարցին: Զարիֆը կրկին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է աշխատել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ բացվող հնարավորությունների ուղղությամբ: Սերգեյ Լավրովը նույնպես շոշափել է Արցախի հարցը:
«Մենք ղարաբաղյան հակամարտության հարցին նշանակալի ուշադրություն ենք դարձրել տարիներ շարունակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որոնց մեջ են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, մենք, թերևս ամենահետևողականն ենք եղել տարբեր մտքեր առաջարկելու հարցում, որոնք հնարավորություն կտային հասնել հարցի խաղաղ կարգավորման: Այդ կարգավորումները բոլորին հայտնի սկզբունքների համապատասխան էին: Կարող եմ ասել, որ մենք մի քանի տարի առաջ շանս ունեինք հասնել համաձայնության, ինչը կօգներ կյանքեր փրկել՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Ցավոք սրտի, այն ժամանակ դա չստացվեց: Այսօր տեղում ունենք իրական մի վիճակ, որին հասանք նախագահ Պուտինի ջանքերի, Ադրբեջանի նախագահի  և Հայաստանի վարչապետի հետ նրա՝ անընդմեջ բանակցությունների շնորհիվ: Այդ ամենն արտացոլված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը, ի դեպ, ռազմական գործողությունների դադարեցումից բացի ներառում է լուծումներ, որոնց մեծ մասը համահունչ է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ձևակերպած սկզբունքներին: Կրկնեմ՝ իրավիճակը դասավորվեց հիմնականում իմ նշած սկզբունքների շրջանակին համապատասխան, սակայն, ցավոք՝ մարդկային կյանքերի գնով: Դա, կարծում եմ՝ դաս կլինի նմանատիպ բոլոր հակամարտությունների մասնակիցների համար:
Մենք չենք պատրաստվում մեր ուշադրությունից դուրս թողնել  իրավիճակը ԼՂ-ում: Որպես ապացույց նշեմ հունվարին կայացած եռակողմ գագաթնաժողովը՝ նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ: Ձեռք բերվեց համաձայնություն՝ ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կնպաստի բոլոր տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության և այդ տարածաշրջանում ընդհանուր տնտեսական և հումանիտար ապաշրջափակմանը»,- նշել է Լավրովը:
Նոր մարտահրավերների մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի խաղաղ և բարեկեցիկ կյանքի հարցում շահագրգիռ են ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, այլ նաև՝ Վրաստանը, Իրանը և Թուրքիան: Նա բարձր է գնահատել Իրանի նախաձեռնությունը՝ նոր իրավիճակը հաշվի առնելով՝ տարածաշրջանի վեց երկրի միջև ձևավորել համագործակցության նոր հարթակ: Նա ավելացրել է, որ տարածաշրջանի ու Լեռնային Ղարաբաղի վերականգնման և զարգացման հարցում հետաքրքրված են նաև եվրոպական որոշ երկրներ:
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ