Մենք մեծ խնդիրներ ունենք ջրի ոլորտում. վարչապետ

Աննա Կոստանյան 1.02.2024 - 14:09
1.02.2024 - 14:09 դիտում

Մենք մեծ խնդիրներ ունենք ջրի ոլորտում. խոսքը և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի մասին է: Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա այն ոլորտներից է, որտեղ պետք է քաղաքական կամք ցուցաբերել՝ գնալու լուծումների, մանավանդ որ ջուրը թանկ բան է:

«Նույնն է, որ մտնենք «Մերսեդեսի» սալոն, հանենք, 100 հազար դրամ տանք, ասենք՝ ինձ համար մի հատ տեսեք ինչ լավ ավտո կա, տվեք: Կծիծաղեն մեզ վրա: Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը մոտավորապես այդպիսին է: Մենք տանում ենք, ասում ենք՝ հլա էս 12 դրամը վերցրո՛ւ, խմելու, ոռոգման, շուրջօրյա [ջո՛ւր տուր] ու ինչքան կասենք: Չի լինում այդպես, և պետք է այս ընկալումները փոխենք:

Պետք է խոստովանենք, որ այնպես չէ, որ Կառավարությունը ջրային ոլորտում իր անելիքներն արել է, մենք էլ շատ բացթողումներ ունենք: Ուզում եմ՝ մենք էլ մեր ընկալումները փոխենք, մանավանդ որ 2024 թիվն արդեն եկել է, մեր մտածածն այն պիտի չլինի՝ վա՛յ, այնպես անենք, որ ջուրը չթանկանա: Մեր մտածածը պետք է լինի՝ վա՛յ, այնպես անենք, որ մարդիկ ջուր ունենան և՛ շուրջօրյա, և՛ ոռոգման, և՛ խմելու, և՛ ինչքան ուզենք: Դա պետք է մենք ապահովենք: Ասում ենք՝ տեսեք՝ ինչ լավ Կառավարություն ենք, ջրի գինը չենք բարձրացնում, բայց հասանելիությունն էլ, որակն էլ չենք բարձրացնում»,- ասաց վարչապետը:

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ Գարեգին Բաղրամյանը, հաստատեց՝ դեռ կան աշխատանքներ ջրամատակարարման համակարգում:

«Կարծում եմ, որ պետք է ամբողջությամբ վերանայվի այն քաղաքականությունը, որն այսօր իրականացվում է «մատակարար, պետություն և կարգավորում» շրջանակներում, և ներդրումային քաղաքականությունը, և սպասարկման որակի ցուցանիշները այս առումով»,- ասաց Բաղրամյանը:

Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ նաև Սևանա լճի խնդիրներին:

«Սևանի մասին այդքան ասում ենք՝ կանաչեց-չկանաչեց, բայց մենք չենք խոստովանում, որ կանաչման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կոյուղին լցվում է Սևանա լիճ, և չի մաքրվում, այսինքն՝ Սևան լցվող ջրերի մաքրման պրոբլեմները պետք է լուծենք:

Ընդհանրապես մեր երկրում կոյուղաջրերի մաքրման պրոբլեմները պետք է լուծենք: Այս ոլորտում խնդիրներ կան, որոնք 5 տարի քննարկում-քննարկում ենք, չենք կարողանում լուծումներ գտնել»,- ասաց վաչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ