ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ: Մինչև սա Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, այդ թվում՝ քաղաքական առումով: Պրոբլեմը հետևյալն է, որ ՀՀ-ն ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների հետ, իսկ նախկինում ՀՀ-ն ռազմավարական հարաբերություններ չուներ և չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ. պրոբլեմը դա է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՌԴ-ն կարևորում, որ ՀՀ-ն կողմնորոշվի քաղաքական առումով, արդյոք Փաշինյանը նման առիթ տվե՞լ է, որ ՌԴ-ում կասկածեն, որ քաղաքական առումով ՀՀ-ն լավ գործընկեր չէ:
«Չեմ կարող ՌԴ-ի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ ՌԴ-ն խնդիր է տեսնում այստեղ: Այդտեղ էլ էքսկլյուզիվության բաղադրիչ կա: Խնդիրը հետևյալն է. կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն: Մենք չենք ընդունում այդ մոտեցումը: Մենք ասում ենք՝ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. սա լեգիտիմ դիրքորոշում է: Դրա մասին է խոսքը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն առիթ է տվել, որ ՌԴ-ում կասկածեն՝ քաղաքական առումով ՀՀ-ն լավ գործընկեր չէ, վարչապետը պարզաբանեց. «Հայաստանը 2020-ին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր ֆունկցիաները չկատարեց: Ինչո՞վ լավը չէր ՀՀ-ն, ի՞նչ էր արել ՀՀ-ն, ո՞ւմ էր վատություն արել ՀՀ-ն: ՀՀ-ն ի՞նչ վատ բան էր արել, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ: Ինչո՞վ էր ՀՀ-ն վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին: 2022-ի հոկտեմբերի վե՞ցն է խնդիրը, բա դրանից առաջ դեպքեր են եղել, ինչո՞վ էր վատը ՀՀ-ն…
Ինչո՞ւ է մեր կանխավարկածն այն, որ պարտադիր մենք ենք վատ գործընկեր: ՀՀ-ն ում էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի, թե ՀՀ-ն ում է պետք: Հայաստանը վատությո՞ւն էր արել ինչ-որ մեկին, Բելառուսին վատությո՞ւն էր արել, ո՞նց կարելի է ինքնիշխան երկրի մասին նման կերպ խոսել: Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք ՀՀ-ն: Հարգարժա՛ն գործընկերներ, Բելառուսի նախագահը փնտրում-փնտրում և չէր գտնում այդ հարցի պատասխանը, հիմա մենք ի ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը: ՀՀ-ն պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին, այդ բոլոր գործընկերներն էլ՝ ՀՀ-ին, Վրաստանին [է պետք], Վրաստանն էլ ՀՀ-ին է պետք, [ՀՀ-ն պետք է] Ֆրանսիային, Գերմանիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային. սա է ամբողջ պատմությունը»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների՝ մայիսի 29-ի հայտարարությանը, Փաշինյանն արձագանքեց. «Հարգանքով եմ վերաբերվում, որ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարները մայիսի 29-ին ընդունել են հայտարարություն՝ աջակցելով ԵՄ-ին անդամագրելու հարցով հանրաքվե անելու գաղափարը ՀՀ-ում, բայց առարկան դեռևս գոյություն չունի:
Ես շատ հստակ ասել եմ իմ դիրքորոշումը և վերահաստատել եմ, որ նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետք է գոնե դիմած լինի, էլ չեմ ասում, որ առավել տրամաբանական է, որ գոնե Հայաստանն անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա, կամ գոնե այդ հարցը լինի օրակարգում, և արդեն շատ տրամաբանական կլինի անցկացնել հանրաքվե այդ հարցով»,- ասաց նա:
