Մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ որոշակի հիասթափություն կա ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ․ վարչապետ

2.06.2023 - 00:35 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ը Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:

CNN primanews – Հայաստանը 90-ականների սկզբից ի վեր բավականին մեծ կախում ունի Ռուսաստանից անվտանգության տեսանկյունից, դուք ունեք ռուսական ռազմաբազա Հայաստանում, ունեք ռուսական սպառազինություն, երկուսդ էլ Անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եք, ուստի ես մի տեսակ երկակի հարց ունեմ՝ դա խելացի՞ քայլ էր, և մյուս կողմից՝ այլ տարբերակներ ունեի՞ք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որովհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման:

Բայց դա տեղի չունեցավ, և նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Այսինքն՝ սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա:

CNN primanews – Կարծում եմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում, և անցյալ տարվա նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, երբ Դուք հրաժարվեցիք ստորագրել փաստաթուղթը, և պարոն Լուկաշենկոն ցնցված էր, իսկ պարոն Պուտինն ակնհայտորեն զայրացած էր, ես նրան երկար ժամանակ այդքան զայրացած չէի տեսել, և զայրացած թողեց հեռացավ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք աշխատանքային իրավիճակներ են, և Ձեր նշած ամփոփումից հետո աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել ենք գործերի ընթացիկ վիճակը և թե ինչպես կարող ենք հաղթահարել ստեղծված իրավիճակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ