Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

10.07.2022 - 22:02 դիտում

Հեղինակային և բարձրակարգ կինոյի 100-ից ավելի ֆիլմերով, Կաննի, Բեռլինի և միջազգային այլ կինոփառատոնների ընտրանիով այսօր Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի էլ երևանյան փառատոնը հնչեղ անունների ու լավ ֆիլմերի պակաս չունի: Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին նախագահում է իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, օսկարակիր Թերի Ջորջը, պատվո հյուրերի թվում են Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, լեգենդար Կոստա Գավրասը, իսպանացի հռչակավոր կինոռեժիսոր Ալբերտ Սեռան, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, Իլյա Խրժանովսկին: Փառատոնային շաբաթվա ընթացքում կներկայացվեն կինոաշխարհի լավագույն նորույթները: Փառատոնը բացվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ:

Հարություն Խաչատրյան («Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ) – Երկու-երեք տարվա դժվարագույն ընդմիջումից հետո կարծում եմ՝ այս տարի մենք հավաքել ենք հրաշալի ֆիլմեր; Կա երեք կոմպոնենտ փառատոնային լուրջ գնահատականի համար. դա լավագույն ֆիլմերն են, դա լավագույն ժյուրին է և լավագույն հանդիսատեսը։ Ունենք լավագույն ֆիլմերը՝ աշխարհից բերված, ունենք հրաշալի ժյուրի, լավագույն հյուրեր և հրաշալի հայ հանդիսատես, որը մշակույթը վերցնում է իր ձեռքերի մեջ։

Թերի Ջորջ («Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ) – Ամենաշատը Հայաստանում մարդկանց եմ հավանել, ձեր ուտելիքն էլ է հիանալի, դե եղանակի մասին նույնիսկ չասեմ: Իռլանդանցինները շատ նման են հայերին, և հենց պատճառով եմ ինձ զգում ինչպես տանը: Անհամբերությամբ եմ սպասում դիտման փուլին. իմ ֆիլմերից ևս ցուցադրվելու են: Փառատոնի շրջանակում անկախ ֆիլմեր են լինելու, ամբողջ աշխարհում «Մարվելի» բազմաթիվ ֆիլմեր կան, այսինքն «պոպկոռն» ժանրի. ես այստեղ անկախ կինոն եմ բացահայտելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ