Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

Աննա Կոստանյան 12.06.2025 - 18:30
12.06.2025 - 18:30 դիտում

Կառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը:

Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ մասնագիտական ծառայություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ: Ոլորտի մասնագետների մասնագիտական աճի և կատարելագործման ձգտման խթանման, ինչպես նաև ոլորտում լավագույն մասնագետների ներգրավման նպատակով մշակվել և ներկայացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների կամավոր ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագետների աշխատավարձը` սահմանելով համապատասխան հավելավճար:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերած արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ.

• 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ
• 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ
• 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ:

Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է հինգ տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։ Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների (ՏՄԱԿ) և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները: Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ