Մայր Աթոռը Հայաստանի տարածքում է, իսկ Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք չկա. Վահագն Ալեքսանյան

8.07.2025 - 13:51 դիտում

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ըստ որոնց՝ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:

Պատգամավորը նկատեց՝ եթե այնտեղ կա հանցագործության հետ առնչվող ինչ-որ փաստ, բնականաբար, կարող են լինել, իսկ եթե չկա հանցագործության հետ կապված քննությյան անհրաժեշտություն, բնականաբար պետք չէ, որ լինի:

«Մայր Աթոռը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ է:  ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե ինչ շարժում է լինելու, որը առաջնորդելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը ասաց, թե դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:

«Այսինքն՝ տեռորիզմն օրհնող ու դրա մեջ մինչև ականջները թաթախված անբարոյականները պետք է դադարեն իրենց ներկայությամբ պղծել մեր եկեղեցին»,- նշեց նա՝ հավելելով, թե միայն այն, որ հոգևորականը կարող է ասել՝ երկու հոգու պատի տա «գյուլլում» ես, ընտանիքին փոխհատուցում ես տալիս, ու ընտանիքը երախտապարտ է լինում, բավական է ասել, որ նրանք իրենց ներկայությամբ պղծում են եկեղեցին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է պատրաստվում շարժումը կաթողիկոսին հանել Մայր Աթոռից, ինչին ի պատասխան՝ նա պարզաբանեց՝ հարցը ոչ թե կաթողիկոսին հանելու մասին է, այլ վեհարանում վեհափառ ունենալու մասին:

«Որովհետև այս պահին վեհարանում վեհափառ չկա: Ես իմ վստահությունն եմ հայտնում, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը նման անունով մարդու կաթողիկոս չի ճանաչում»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը նման պնդում անում, Ալեքսանյանը պարզաբանեց՝ իր կարծիքը ձևավորվել է բազմաթիվ քաղաքացիների հետ շփումների ու հազարավոր քաղաքացիների նամակների ու գրառումների հիման վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ