ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը:
Հայ ժողովուրդը, ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից ու խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ:
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ: Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար և ուժեղ պետություն: Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված: Սա է մեր հանձնառությունը, որը, վստահաբար, համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու:
Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: