Աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացրել «Երևանի Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց», «Երևանի Խաչիկ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց», «Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան թիվ 61 հիմնական դպրոց», «Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց», «Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց», «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-երում և «Երևանի թիվ 133 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց», «Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց» ՊՈԱԿ-երում, ինչպես նաև «Երևանի թիվ 122 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 68 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում:
Միաժամանակ «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմներում։
Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 3606 մարդ: Նմանատիպ վարժանքները հնարավորություն են տալիս մասնակիցներին ձեռք բերել կարևոր գիտելիքներ և գործնական հմտություններ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու ուղղությամբ, միևնույն ժամանակ կատարելագործվում են հրամանատարական կազմի մարտավարական ունակությունները, ուժերի և միջոցների կառավարման կարողությունները, մարտական հաշվարկների պատրաստվածության մակարդակը:
Փրկարար ծառայության կողմից իրականացվող ուսուցողական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն հասարակության համար արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշվելու, անվտանգությունից ելնող սկզբունքներն ընկալելու և կիրառելու տեսանկյունից։ Այսպիսի միջոցառումները նպաստում են բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ամրապնդում նրանց վստահությունը համապատասխան ծառայությունների հանդեպ։
ՓԾ-ից տեղեկացնում են, որ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ՝ ուղղված անվտանգության մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը մեր հասարակությանում։