Ռուսաստանում մայիսին ուժի մեջ կմտնի սահմանափակում՝ առանց հաշիվ բացելու իրականացվող դրամական փոխանցումների համար, հայտնում է РБК-ն։
«Մայիսի 30-ից ուժի մեջ կմտնի օրենք, որը սահմանում է մինչև 100 հազար ռուբլու սահմանաչափ՝ առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների համար», — նշվում է նյութում։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան փաստաթուղթը անցյալ տարվա մայիսին, և այս միջոցը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի անց։ РБК-ն հիշեցնում է, որ փոփոխությունները կատարվել են «Օրենք 115-ФЗ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման դեմ պայքարի մասին»։ Փոփոխություններով սահմանվել է դրամական փոխանցումների առավելագույն չափը՝ առանց բանկային հաշիվ բացելու և պարզեցված նույնականացում անցնելու դեպքում՝ 100 հազար ռուբլի կամ դրա համարժեքը օտարերկրյա արժույթով։
Ներկայումս, եթե փոխանցման գումարը գերազանցում է 15 հազար ռուբլին, անձը պետք է ներկայացնի իր անձնագրային տվյալները, սակայն փոխանցման առավելագույն գումարի սահմանափակում չկա։ Իսկ 15 հազար ռուբլուց պակաս գումար կարելի է փոխանցել առանց նույնականացման։
Օրինագծի հեղինակները նշել են, որ փոխանցումների վրա սահմանված 100 հազար ռուբլու սահմանաչափը կօգնի նվազեցնել հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը։