Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Աննա Կոստանյան 11.01.2022 - 12:25
11.01.2022 - 12:25 դիտում

Այսօր 81 տարեկան հասակում մահացել է 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։

Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի (Լենինական), որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը:

1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։

Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում՝ որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։

Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ։

1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։

1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։

1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։

1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, 1989 թվականից՝ «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։

1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի գրողների միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական։

2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին:

Ռազմիկ Դավոյանը ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական, հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Նրա կյանքին ու գործին անդրադարձել են «Լիտերատուրնայա գազետա», ֆրանսիական «Ֆիգարո», բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։ 1972-ին առաջին անգամ Բեյրութում հրատարակվել է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում՝ 1984-ին։
1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Դավոյանը 1985 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, 2003-ին՝ Հայաստանի պետական մրցանակի, 2010-ին՝ Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակի, 1998-ին ստացել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2011-ին՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ:

Դավոյանն ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2015):

Դավոյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր (2017):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ