ՄԱԿ-ի դատարանը փաստաթղթերի պատրաստման համար Երևանին և Բաքվին մեկ տարի ժամանակ է տվել

Աստղիկ Խաչատրյան 18.11.2024 - 21:14
18.11.2024 - 21:14 դիտում

Արդարադատության միջազգային դատարանը Բաքվին և Երևանին մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։

Դատարանի X–ի միկրոբլոկում արված հրապարակման մեջ նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ միմյանց փաստարկները։
«Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։

Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է դրանք կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։
«Երկու կողմերն էլ պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որոնք սահմանում է դատարանը դատավարության ընթացքում լարվածության սրումից խուսափելու համար: Այդ պահանջները մասամբ բավարարվել են»- ասված է հրապարակման մեջ։

Դրանից հետո երկու կողմերն էլ կասկածի տակ են դրել դատարանի իրավազորությունը, ինչի արդյունքում գործերի քննությունը, ըստ էության, կասեցվել է։ Մինչդեռ նոյեմբերի 12–ին դատարանը որոշել է, որ իրավասու է քննելու երկու հայցերը` բացառությամբ Ադրբեջանի պահանջների, որոնք վերաբերում են բնապահպանական վնասին և ենթադրյալ գործողություններին, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թ. սեպտեմբերի 15–ը՝ կողմերի միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ