ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Աննա Կոստանյան 8.04.2022 - 13:17
8.04.2022 - 13:17 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

«Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակվող անմիջական փոխգործակցությունից։ Ի գիտություն ենք ընդունում կողմերի պատրաստակամությունը հետագա բանակցություններին և կոնկրետ քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից արված հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը երախտագիտությամբ է նշել Եվրամիության դերը շփումների շարունակմանը նպաստելու գործում և կոչ է արել կողմերին բոլոր վիճելի հարցերը լուծել երկխոսության միջոցով և գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում: «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական, վերակառուցման և խաղաղության հաստատմանը նպաստելու միջոցով»,- հավելել է Ստեֆան Դյուժարիկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ