Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա

Աննա Կոստանյան 17.07.2023 - 13:51
17.07.2023 - 13:51 դիտում

Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» (չակերտները՝ Tert.am) իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կամրջի վրա տեղի ունեցածը, գրում է iz.ru-ն։

«(Կիևի) ռեժիմն ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբի բոլոր հատկանիշները։ Որոշումները կայացնում են ուկրաինացի պաշտոնյաները և զինվորականները՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ղեկավարում են ահաբեկչական պետական կառույցը», – գրել է նա իր թելեգրամյան ալիքում։

Հուլիսի 17-ին՝ ժամը 03:05-ին, Ղրիմի կամրջի վրա ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա սարքի միջոցով ահաբեկչություն է իրականացվել։ Երկու մեծահասակ մահացել է, մի աղջիկ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով։ Վնաս է ստացել Ղրիմի կամրջի ճանապարհային հատվածին:

Մինչդեռ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները ՌԲԿ «Ուկրաինա»-ին հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր։

«Կամուրջը հարձակման է ենթարկվել անօդաչուների օգնությամբ, կամուրջին հասնելը դժվար է եղել, բայց ի վերջո դա հաջողվել է»,- ասել է աղբյուրը։

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա միջադեպը՝ մեջբերելով հետախուզության պետ Կիրիլ Բուդանովի խոսքերը, որ «այս կառույցն ավելորդ է»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ