Ղազախստանում պաշտոններից շարունակում են հեռանալ նախկին նախագահ Նազարբաևի կողմնակիցներն ու ազգականները

Աննա Կոստանյան 17.01.2022 - 13:30
17.01.2022 - 13:30 դիտում

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շրջապատի մարդկանց պաշտոնանկությունները շարունակվում են:

Պաշտոնից ազատվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Սամաթ Աբիշը՝ հայտնում է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Նա Ղազախստանի առաջին նախագահի եղբորորդին է՝ գրում է Interfax-ը։

ТАСС-ն էլ հաղորդում է, որ Նազարբաևի փեսան՝ Թիմուր Կուլիբաևը, հրաժարական է տվել Ղազախստանի ձեռներեցների ազգային պալատի՝ «Ատամեկենի» նախագահի պաշտոնից։ Կուլիբաևը Նազարբաևի դուստերից մեկի՝ Դինարա Կուլիբաևայի ամուսինն է։

Ավելի վաղ Նազարբաևի ևս երկու փեսա էր հեռացել Ղազախստանի խոշոր ազգային ընկերություններում ղեկավար պաշտոններից: Նախկին նախագահի կրտսեր դստեր ամուսինը՝ Դիմաշ Դոսանովը, ազատվել էր «ԿազՏրանսՕյլ» բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնից: Կայրաթ Շարիպբաևը, որը ոչ պաշտոնապես ամուսնացած է Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգայի հետ, հրաժարական է տվել QazaqGaz ԲԸ ազգային ընկերության խորհրդի նախագահի պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ