Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 31.03.2022 - 16:04
31.03.2022 - 16:04 դիտում

Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառելու մասին խոսակցություններն անընդունելի են Վրաստանի իշխանությունների համար: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Իհարկե, Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններն անընդունելի են այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է: Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- ասել է Զալկալիանին:

Հանրաքվեն, որում Հարավային Օսիայի բնակիչները կքվեարկեն Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիս-հունիսին։ Այս կարծիքը հինգշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Նախօրեին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Դինա Գասիևան, ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։

Գործակալության զրուցակիցը Ռուսաստանի Դաշնությանը միանալը 2008 թվականից ի վեր Հարավային Օսիայի բազմաթիվ բնակիչների երազանքն է անվանել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ