Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, դիերը փոխանցվել են ծնողներին․ ՔԿ

Աննա Կոստանյան 23.01.2023 - 13:03
23.01.2023 - 13:03 դիտում

Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է: Զինծառայողների դիերը փոխանցվել են ծնողներին։ Այս մասին Tert.am-ին հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաքննությունը լայն ծավալով շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ ապացուցողական, վարույթային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, որոնք իրականացվում են բավականին մեծ խորությամբ։ Այս պահի դրությամբ ընդամենը կարող եմ ասել, որ շուրջ 2 տասնյակի չափ անձիք հարցաքննվել են՝ միայն հրդեհի հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև այն անձիք, ովքեր առնչություն են ունեցել վաշտի գործունեության հետ։ Քննության հիմնական ուղղություններից մեկը տեղի ունեցածի պատճառները պարզելն է, այդ թվում՝ անվտանգության կանոնների պահպանման, դրա հետ կապված թերացումների պատասխանատուներին ի հայտ բերելու և այլն»,- ասաց Քննչական կոմիտեի խոսնակը։

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Երկուսի վիճակը ծանր է։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ