Հրաձգություն ԱՄՆ Կոլորադո նահանգում. զոհվել է 10 մարդ

Հրաչ Սահակյան 23.03.2021 - 22:27
23.03.2021 - 22:27 դիտում

ԱՄՆ Կոլորադո նահանգում անհայտ անձը կրակ է բացել սուպերմարկետում, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Հրաձգությունը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսօրին՝ Դենվերից հյուսիս-արևելք գտնվող Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում։

Ինչպես հայտնել է Բոուլդերի ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը, կասկածյալը ձերբակալվել է։ Իշխանությունները դեռևս չեն նշում հանցագործության մոտիվները՝ հղում անելով հետաքննության նախնական փուլին։ Հերոլդը նշել է, որ իր գործընկերն առաջիններից մեկն է հայտնվել հանցագործության վայրում և սպանվել։

Նրա խոսքերով՝ իրավապահ մարմինները սկսել են ստանալ հաղորդագրություններ` հրաձգության և զինված մարդու մասին։ Ոստիկանությունն արձագանքել է ուժեղացված կազմով։ Դեպքի վայր են ժամանել ամբողջությամբ զինված հատուկ նշանակության ուժերը։ Կասկածյալին բարձախոսի միջոցով կոչ են արել հանձնվել։

Դեռևս հայտնի չէ, թե ով է կասկածյալը։ «Թվում էր, թե սա Ամերիկայի ամենաանվտանգ վայրն է, իսկ ինձ քիչ էր մնացել սպանեին, միայն նրա համար, որ գնացել էի լիմոնադի և չիփերի հետևից»,- CNN-ին պատմել է դեպքի վայրում գտնվողներից մեկը։

Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսը տեղի ունեցածն անվանել է «սարսափելի իրադարձություն»։ Տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին նշել է, որ նախագահին պարբերաբար ներկայացնում են կատարվածի մասին վերջին նորությունները։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ զանգվածային սպանությունն է Միացյալ Նահանգներում։ Նախորդ երեքշաբթի օրը Ատլանտայի և հարակից շրջանների երեք մերսման սրահներում սպանվել էր 8 մարդ։ Նրանցից 6-ն ունեցել են ասիական ծագում։ Զոհերից 7-ը եղել են կանայք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ