Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է

26.04.2025 - 15:45 դիտում

Սկսվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության և հրաժեշտի արարողության վերջին փուլը՝ հուղարկավորությունը Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում։ Հանրությանը արգելված է բազիլիկ մուտք գործել, սակայն Վատիկանը շարունակում է ուղիղ տեսահեռարձակումը։

Ֆրանցիսկոսն ավելի քան մեկ դարի ընթացքում առաջին պոնտիֆիկոսն է, ով թաղվում է Սուրբ Պետրոսի տաճարից դուրս: Նա ընտրել է Տիբերի մյուս կողմում գտնվող բազիլիկը՝ Մարիամ Աստվածածնի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքի պատճառով:

Մարդկանց հոծ բազմությունը շարվել է Ֆրանցիսկոսի մարմինը Սուրբ Պետրոսի տաճարից Սանտա Մարիա Մաջիորե տանող «պապոմոբիլի»-ի ամբողջ երթուղով:

Բազիլիկի մոտ ևս կանգնած են հավատացյալներ։ Եկեղեցուն նայող տների վրա տեղադրվել են Grazie, Francesco (Շնորհակալություն, Ֆրանցիսկոս) գրությամբ պաստառներ:

Մինչ բազիլիկ ուղևորվելը, ավարտվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը հրապարակում, իսկ պոնտիֆիկոսի մարմինը ամփոփող դագաղը տեղափոխվել է կրկին Սուրբ Պետրոսի տաճար։ Այնտեղից  Ֆրանցիսկոսի դագաղը «Պապոմոբիլ»-ով (պապերի համար հատուկ մեքենա) տարել է դեպի Տիբեր գետի մյուս կողմում գտնվող Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկ, որտեղ նրան կթաղեն։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը ավարտվել է հաղորդության պատարագով, ապա հավաքվածները սկսել են սեղմել ձեռքերը՝ որպես խաղաղության խորհրդանիշ։

Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն Ֆրանցիսկոսի հոգին դրախտ է ուղարկել, իսկ այլ կարդինալներ տարբեր կաթոլիկ սրբերի կոչեն արել աղոթել պոնտիֆիկոսի համար: Ֆրանցիսկոսի դագաղը ցողվել է սուրբ ջրով, իսկ կողքին խունկ են ծխել։

Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները կարդացել են իրենց աղոթքները (այս 23 ինքնավար եկեղեցիները Հռոմի կաթոլիկ եկեղեցու մաս չեն կազմում, բայց նաև իրենց առաջնորդն են համարում պապին), կարդացվել է Մագնիֆիկատը (Աստվածածնի գովքը Ղուկասի Ավետարանից), և արարողությունը ավարտվել է:

Չի լինի դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը:

Ֆրանցիսկոսը կհուղարկավորվի իր սիրելի հռոմեական եկեղեցում՝ Սանտա Մարիա Մաջիորեում, որը Հռոմի չորս գլխավոր պապական բազիլիկներից մեկն է: Դրանց սովորական բազիլիկներից տարբերում է այն, որ դրանք ուղղակիորեն ենթակա են Հռոմի պապին:

Հանգուցյալ պոնտիֆիկոսն այս որոշումը կայացրել է իր կենդանության օրոք։ Նա ինքն է խնդրել, որ իրեն թաղեն այս բազիլիկում՝ պարզ, անզարդ դամբարանում:

Հռոմի պապի հուղարկավորությանը Հռոմի կենտրոնում մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 200 հազարի մասին։ Հավաքվածների թվում կան ամենատարբեր կարգավիճակի մարդիկ, ինչպես նաև բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Վատիկանի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 1,4 միլիարդ մարդ դավանում է կաթոլիկություն։ Սա Երկրի բնակչության մոտ 17%-ն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ